ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվող 31-ամյա համաքաղաքացին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ըստ փաստական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձորի Տարոն –2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիշյալ 32-ամյա տղամարդու և 31-ամյա համաքաղաքացու միջև։ Ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է 32-ամյա տղամարդու կրծքավանդակին և սպանել նրան»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերն էլ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ մահացածը 32-ամյա Գագիկ Հովհաննիսյանն է։ Արդեն մահացած վիճակում նրան հիվանդանոց էին տեղափոխել «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-8 սմ» ախտորոշմամբ։
Սպանության մեջ կասկածվողն էլ նույն քաղաքի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանն է։