ՌԱԴԻՈ

Թուրքական կողմը պարզապես փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ–ի վրա. Գրիգոր Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը` կապված ԵԱՀԿ–ի կողմից Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու հետ։
Sputnik
Թուրքիան մտավախություն ունի, որ ԵԱՀԿ–ի կողմից ՀՀ–ում իրականացվելիք դիտորդական առաքելությունն ի հայտ կբերի իր համար անցանկալի խնդիրներ, և այս պահին ունենալով ոչ այնքան ջերմ հարաբերություններ եվրոպական կառույցների հետ`Թուրքիան չի կարող ազդել, որպեսզի որոշումները կայացվեն ի նպաստ իրեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին քննադատել է ԵԱՀԿ-ի՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։ Մերսինում ելույթի ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն դրսևորել է որպես խնդիրների չլուծման կենտրոն, իսկ վերջին որոշումը Հայաստանի մասով հակասում է հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին։
«Չեմ կարծում, թե ԵԱՀԿ–ն ակնհայտորեն աջակցում է միայն Հայաստանին և անտեսում Ադրբեջանի դիրքորոշումը։ Պարզապես թուրքական կողմը փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ–ի վրա։ Ավելին, նշված կազմակերպությունն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ ձայն չհանեց, չբարձրաձայնեց, որ ինքն է համարվում հակամարտության կարգավորման հիմնական շահառուն և առանց իր համաձայնության ու մասնակցության` այնտեղ տեղի ունեցավ ստատուս–քվոյի փոփոխություն։ Զարմանալի է, թե ինչից ելնելով է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եզրակացրել, թե ԵԱՀԿ–ն բացառապես պրոհայկական դիրքորոշում է ցուցաբերում»,– ասաց միջազգայնագետը։
Այն հետաքննող դեր չի ունենա․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում
Բալասանյանի կարծիքով` Թուրքիան իր քայլերով փորձում է այնպես անել, որ ՀՀ–ում դիտորդական առաքելությունն իր գործունեության հենց սկզբում որոշակի կաշկանդվածություն ունենա և ոչ օբյեկտիվ հայտարարություններ անի հայ–ադրբեջանական հակամարտության և երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Մեր զրուցակիցը ցավով նշում է, որ ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի համանախագահների խումբը փաստացի չի գործում, թեև կառույցը թղթի վրա դե-յուրե կա, և ոչ ոք այն չի լուծարել։ Ըստ նրա` համանախագահող երկրներն այժմ այն աստիճան են բևեռացել իրար նկատմամբ և այնպիսի բարդ, նույնիսկ ծայրահեղ հարաբերություններ ունեն, որ կարգավորումն այդ առումով դժվարացել է։
«Եթե ԱՄՆ–ն և Ֆրանսիան հայտարարում են, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, այդ դեպքում ինչպե՞ս են հայտարարում խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակի մասին` շատ լավ գիտակցելով, որ Արցախը դրանով ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Փաստորեն դժգոհության ձայնը պետք է հնչի Հայաստանի կողմից, մինչդեռ իրականում դա անում է Ադրբեջանը` փորձելով այդ ամենը ներկայացնել հակաադրբեջանական լույսի ներքո»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է հայտարարի, որ հայ–թուրքական հարաբերությունները չպետք է կապվեն հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ, քանի որ դրանք տարբեր օրակարգեր են, իսկ եթե Թուրքիան հակառակն է պնդում, ապա հայկական կողմը պետք է դադարեցնի շփումները Թուրքիայի հետ և նույնիսկ քայլեր չկատարի դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։
Նշենք, որ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը։ Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում ԵԱՀԿ մանդատի և փորձի համաձայն և նրա անվտանգության համալիր հայեցակարգի շրջանակում։ Թիմը Հայաստանում կլինի մինչև հոկտեմբերի 27-ը։