ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ԵԱՏՄ գործընկերների հետ կքննարկի նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորումը, փոխադարձ առևտրի թվայնացումը։ Տեղեկությունըհայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Երեկ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպում են անցկացրել։
Նշվում է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ինտեգրման արդիական հարցերը, մասնավորապես` գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի ու նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման ընթացքը:
Հաղորդագրության համաձայն` հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, այդ թվում՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի վարչարարության միասնական վերլուծական համակարգի մշակմանը։
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ընդունել միության 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև քննարկել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման հարցերը։