ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ պետական կառույցների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին։