Նիկոլ Փաշինյանը տպավորված է ԵԱՏՄ մեխանիզմների արդյունավետությամբ

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն դժվարությունների են հանգեցնում, այլև նոր հնարավորություններ են ստեղծում, որոնցից պետք է օգտվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեխանիզմներն արդյունավետ են։
Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունավետության վկայությունն է միության երկրների և դրա կազմում գտնվողՀայաստանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկումը։
«Կարելի է փաստել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն արդարացնում են իրենց, քանի որ այս բարդ ժամանակներում ԵԱՏՄ երկրների և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է։ Սա իսկապես շատ տպավորիչ փաստ է»,- նշեց վարչապետը։
Նրա կարծիքով՝ նման զարգացումը գործնականում հաստատում է այն բանաձևը, որ ճգնաժամային իրավիճակները ոչ միայն բերում են դժվարությունների, այլև առաջացնում են նոր հնարավորություններ։ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը՝ ի հայտ եկած հնարավորություններն օգտագործելու համար։
Իր հերթին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ նկատեց, որ Հայաստանը ԵԱՏՄ զարգացման գործընթացում նշանակալի ներդրում ունի։ Նրա տվյալներով՝ ընթացիկ տարում Հայաստանն առաջատար է դարձել փոխադարձ առևտրի աճի առումով։
ԵԱՏՄ գործընկերների հետ նրա ապրանքաշրջանառությունը 7 ամսում աճել է ավելի քան 2 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միշուստինի կարծիքով՝ այս ցուցանիշը կպահպանվի մինչև ընթացիկ տարվա վերջ։
ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ Միշուստին
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։