ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Մյասնիկյանի պողոտայում ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռ. Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ս. Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասամբ կիսակողաշրջվել։
Ականատեսները պատմում են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով անդադար հոսող ջուրը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Երկու վարորդներն էլ տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը և Ռ․ Թադևոսյան աշխատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։