Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս

Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը Կապանում
Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը Կապանում կսկսի աշխատել երկուշաբթի օրվանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսին ժամանակ է անհրաժեշտ Սյունիքի մարզի պաշտոնյաների ու մարդկանց հետ ծանոթանալու համար, և դրանից հետո միայն կորոշվի, թե որ ոլորտներում կարող են համագործակցություններ լինել։ Կապանում լրագորղներին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը:
«Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն»,– ասել է հյուպատոսը` պատասխանելով լրագրողի հարցին, թե քաղաքական մեսիջ ունի՞ հյուպատոսության բացումը Կապանում։
Մորթեզա Աբեդին Վարամինը վստահեցրել է, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Ըստ նրա, այս որոշումը տարիների պատմություն ունի։
Հյուպատոսը Կապանի ժողովրդին խորհուրդ է տվել չանհանգստանալ` հավելելով, որ իրենք այստեղ են հայ ժողովրդի համար։
Ի դեպ, ԻԻՀ հյուպատոսությունը Կապանում կսկսի աշխատել երկուշաբթի օրվանից։
Տարածաշրջանում կայունության հանգրվան. Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
Նշենք, որ այսօր Կապանում տեղի ունեցավ Հայաստանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումը։
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թվականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվելու է Հայաստանի դեսպանությունը: