Լիզ Թրասը, որը հինգշաբթի օրը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, այնպիսի աննախադեպ ցածր մակարդակի հասցրեց իր հարազատ կուսակցության վարկանիշը և ընտրողների վստահությունը իշխանությունների հանդեպ, որ այդ նոկդաունից հետո ուշքի գալը, վերլուծաբանների կարծիքով, հսկայական ջանքեր կպահանջի։
Մինչև վերջին պահն այդ կինը այնպիսի արդարացումներ էր բերում պառլամենտում, որոնք մեզ՝ հայաստանցիներիս, քաջ ծանոթ են. նախկիններն են մեղավոր, նրանք են հասցրել երկիրը այս ծանր վիճակին, նրանց օրոք է այսքան դանդաղել տնտեսական աճը։ Մի խոսքով, ինչպես կասեին Դիոգենեսը և Հայաստանում իշխող թիմի ներկայացուցիչները՝ «Նախկինների մասին կա′մ միայն վատը, կա′մ ոչինչ»։
Լիզ Թրասը երևի մոռացել էր, որ արտգործնախարար, հետո էլ վարչապետ էր դարձել հենց իր նախորդի շնորհիվ։ Չէ՞ որ Բորիս Ջոնսոնի օրոք պահպանողականները, որոնք արդեն 12 տարուց ավելի է, ինչ ղեկավարում են երկիրը, ջախջախիչ հաղթանակ տարան նաև վերջին համընդհանուր ընտրություններում։ Եվ միայն ու միայն ինքը՝ Լիզ Թրասն է մեղավոր, որ ընդամենը 45 օրվա ընթացքում իր վարկանիշը գահավիժեց մինչև 15 տոկոս, իսկ բրիտանացի հրապարակախոս Թոմ Մքթագը շաբաթվա սկզբին գրեց.
«Կյանքումս առաջին անգամ ինձ համակել է երկրիս անկման սուր զգացումը։ Նախկինում էլ ենք ճգնաժամեր տեսել, բայց այսօրվա ճգնաժամը կապված է մեր ամենամեծ հարստության՝ հիմնարար ազգային ինքնության կորստի հետ։ Ունենք ոչ թե վարչապետ, այլ վարչապետի տնազ, որը ջանքեր է գործադրում ամեն կերպ պահպանելու իշխանությունը։ Նախկինում մեր երկիրը երբեք չի հայտնվել նման ծիծաղելի և նվաստացուցիչ վիճակում»։
Ի՞նչը կործանեց այս կնոջը։ Նախևառաջ՝ պոպուլիզմը, որը բնորոշ է բազմաթիվ երկրների ղեկավարներին։ Դեռ այն ժամանակ, երբ նա նոր էր դարձել վարչապետ, քաղաքական գործիչ Նիլ Ֆոսեթը զգուշացնում էր. «Լավ եմ ճանաչում Լիզ Թրասին և կասկածում եմ, որ նա հավատում է իր իսկ ասածներին, ավելի շուտ՝ փորձում է սիրաշահել լսարանին»։
Իսկապես, էլ ինչո՞վ կարելի է բացատրել բոլորի հարկերը կրճատելու աննախադեպ նախաձեռնությունը։ Նպատակը պարզ է՝ մարդիկ այլևս փող չունեն էլեկտրականության և գազի դիմաց վճարելու համար, ահա գալիս է փրկիչը, որը նվազեցնում է ձեր հարկերը, և ձեր ընտանիքը միանգամից ավելի ունևոր է դառնում, քան երեկ։ Իսկ երբ մասնագետները հարցնում էին՝ բա ինչպե՞ս եք տակից դուրս գալու, ինչո՞վ եք լցնելու բյուջեն, միշտ հնչում էր նույն հավաստիացումը՝ փող կա′, կա′։ Որտեղի՞ց այդ լրացուցիչ գումարը։ Փող կա, կա… Եվ այդպես շարունակ։
Հետո շատ արագ պարզվեց դառը ճշմարտությունը՝ ախր, թագավորը մերկ է, տնտեսությունից բան չի հասկանում, թեև փորձում է ամեն կերպ նմանվել Մարգարետ Թետչերին։ Մարդկանց աչքերը բացվեցին, ու նրանք սկսեցին հիշել, թե ինչպիսի անհեթեթ ու ծիծաղելի բաներ էր ասում այս կինը, երբ դեռ արտգործնախարար էր։ Թե իբր Բրիտանիան երբեք չի ճանաչի Վորոնեժի և Ռոստովի մարզերի ինքնիշխանությունը, թե իբր դարեր առաջ առանձին-առանձին արշավներ են կազմակերպել նախ՝ մոնղոլները, հետո էլ՝ թաթարները, թեև հայաստանցի ցանկացած դպրոցական գիտի, որ եղել է ընդամենը մեկ միասնական մոնղոլ-թաթարական տիրապետություն։ Եվ այլն։
Կարող եք հակադարձել, թե Լիզ Թրասը, այնուամենայնիվ, հարուստ կենսագրություն է ունեցել, մի քանի նախարարություն է ղեկավարել։ Բայց տեսեք, թե ինչ է ասում նրա մասին փոքր բիզնեսի, արդյունաբերության և ձեռներեցության նախկին նախարար Աննա Սուբրին։ Մեջբերեմ. «Նրա հավակնությունները շատ ավելի մեծ էին, քան բնատուր կարողությունները։ Այդ կինը իմ ճանաչած ամենահավակնոտ գործիչն էր։ Եվ համոզված եմ՝ նախարարի պաշտոնները նրան տրվում էին միայն մեկ նպատակով՝ բերանը փակելու համար»։
Լիզ Թրասը մինչև վերջին պահը կառչած մնաց վարչապետի աթոռից և ստիպված եղավ հեռանալ միայն այն բանից հետո, երբ հասկացավ՝ իր հարազատ Պահպանողական կուսակցությունն այլևս չի աջակցում իրեն ։ Կներե′ք, իսկ ո′վ էր մի քանի շաբաթ առաջ նախապատվությունը տվել Լիզ Թրասին։ Հենց Պահպանողական կուսակցության շարքային անդամները։ Իսկ այդ կուսակցությանն ո՞վ էր ձայն տվել։ Շարքային բրիտանացիների մեծ մասը։ Եվ ուրեմն, ինչպես կասեր Չարենցը, խնդալու, առավելևս լալու պատճառ, կարծես թե, չի′ք։