Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, Մարսից չեն ներխուժել Հայաստան․ Կովաչևը՝ Սիմոնյանին

Անդրեյ Կովաչևը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպման ժամանակ
Հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող և այլ հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպմանը խոսել են ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի դեմ: Անդրեյ Կովաչևը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:
«Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է նա:
Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ Հայաստանը վաղուց և բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի մասին։ Նա ընդգծել է՝ միջազգային գործընկերներից ՀՀ-ն ակնկալում է Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ։ Սիմոնյանը շեշտել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման:
Անդրեյ Կովաչևը և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձևեր և զեկույցներ ընդունելու համար:
Հանդիպմանը կողմերը քննարկեն են նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: