Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Եկատերինա Սիչևան բրոնզե մեդալակիր է

70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Եկատերինա Սիչևան 54 կգ քաշայինների կիսաեզրափակիչում դարձավ բրոնզե մեդալակիր։
Այս մրցությունում Հայաստանն արդեն երկրորդ բրոնզե մեդալակիրն ունեցավ: Եկատերինա Սիչևան կիսաեզրափակիչում պարտվեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին և բավարարվեց բրոնզե մեդալով:
Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին:
Ավելի վաղ բրոնզե մեդալի էր արժանացել նաև Սոնա Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում չէր կարողացել հաղթահարել Ուկրաինան ներկայացնող Մարիա Բովայի արգելքը:
70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը վստահ հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: