Ղրիմի կամրջի պայթյունից հետո Վերին Լարսում անվտանգային խնդիրներ են առաջացել. Քերոբյան

Վահան Քերոբյանը «Ինտելեկտուալ հարթակ» միջոցառմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց` հայկական լաստանավը շուտով կգործարկվի։ Բայց ժամկետներ չցանկացավ նշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Վերին Լարս» անցակետում դարձյալ հերթեր են։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա խոսքով` Ղրիմի կամրջի պայթյունի հետ կապված «Վերին Լարս» անցակետում նոր` անվտանգային խնդիր է առաջացել։
«Պայթյունի հետ կապված հիմա շատ է խստացվել Վերին Լարսով թողունակությունը։ ՌԴ նախարարի հետ քննարկեցի այդ հարցը, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք վերականգնել ավելի անկաշկանդ թողունակություն, որը թույլ կտա անհրաժեշտ ծավալի բեռները երկու ուղղությամբ էլ անցկացնել»,– ասաց Քերոբյանը։
Առաջիկայում ձմեռ է, իսկ դա նշանակում է Վերին Լարսի խնդիրներին ավելանալու են նաև եղանակային պայմաններով պայմանավորված ավանդական խնդիրների պատճառով։
«Այս տեսանկյունից լաստանավային և այլ ծովային տրանսպորտի անհրաժեշտությունը զգալի է, և մենք դա գիտակցում ենք ու փորձում ենք ինչքան հնարավոր է արագ տեղ հասցնել»,– ասաց Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց` հայկական լաստանավը շուտով կգործարկվի։ Բայց ժամկետներ չցանկացավ նշել։
Քերոբյանը հայտնեց, որ ՌԴ գործընկերոջ հետ այսօր քննարկել են նաև օդային բեռնափոխադրումների հնարավոր լուծումները։
Սննդամթերքի, ալկոհոլի և տեքստիլի արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է․ Քերոբյան
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն բռնկվել էր։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել էր, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել էր, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։