ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում օդի աղտոտվածության վերջին շաբաթվա` հոկտեմբերի 13-19–ի տվյալները։
Դրանց համաձայն` փոշու պարունակությունն օդում Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում ամենաբարձրն է եղել, Արաբկիրում՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերի 13-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 15-17-ը և 19-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 14-ին, 15-ին և 18-ին, Շենգավիթում ու Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունն անցնող շաբաթվա ընթացքում Երևանի օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։