ԵԱՏՄ-ն խորհրդակցություններից հետո նախատեսում է գազի և նավթի համաձայնագրերի ստորագրում

Համաձայնագրերի տեքստն այս պահին համաձայնեցման փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները հույս ունեն խորհրդակցություններից հետո գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման մասին համաձայնագրերի ստորագրման հասնել:
Այն մասին, որ այդ համաձայնագրերի տեքստերի պատրաստումն արդեն ընթանում է, Երևանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։
«Շարունակվում են գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի տեքստի շուրջ խորհրդակցությունները, շարունակվում են նաև նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ խորհրդակցությունները։ Հույս ունենք, որ համապատասխան խորհրդակցություններից հետո կկարողանանք հասնել այդ փաստաթղթերի ստորագրմանը»,-ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակիցները «ևս մեկ անգամ հաստատել են, որ այն ուղին, որն ընտրել են ԵԱՏՄ երկրները, և որը ենթադրում է երկարաժամկետ գազային պայմանագրերի կնքում, մասնակից երկրներին թույլ է տալիս իրենց միանգամայն հարմարավետ զգալ և գազի մատակարարների և սպառողների շահերի հավասարակշռության հասնել»:
ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ Միշուստին
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։