ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած պատժամիջոցների ճնշմանը։ Նման կարծիք է հայտնել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Բելառուսի կառավարության ղեկավարը նշել է, որ 2022 թվականն անցնում է աննախադեպ աշխարհաքաղաքական իրադարձությունների պայմաններում, որոնք ազդում են նաև միության շրջանակում համագործակցության վրա։
«Ի դժգոհություն մեր թշնամիների` այդ ազդեցությունն ամենևին էլ նրանց սցենարով չի ընթանում։ Եվրասիական տնտեսական ինտեգրման արդիականությունն աճում է, մեր միությունը շարունակում է միջազգային հեղինակություն ձեռք բերել և դինամիկ զարգանալ՝ ի հեճուկս կոպիտ միջամտության և պատժամիջոցների ճնշման», – ասել է Գոլովչենկոն։
Բելառուսի վարչապետը նաև նշել է, որ ԵԱՏՄ պետությունները դեռ լիովին չեն համաձայնեցրել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման մոտեցումները։ Այս համատեքստում նա ընդգծել է միության ստեղծման մասին պայմանագրի հիմնական նպատակների իրականացման վերաբերյալ սկզբունքային որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը։
«Դրանք են՝ տնտեսության հավասար պայմանները, էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Այո՛, դեռ տարաձայնություններ կան բարդ հարցերի շուրջ, մասնավորապես՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման հարցում։ Բայց մենք մոտիվացված ենք այդ աշխատանքն ավարտել այն պայմաններով, որոնք կբավարարեին միության բոլոր անդամներին»,-ասել է Գոլովչենկոն։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորել էր ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորումը։ Նա կարծում էր, որ միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել բազմաթիվ մարտահրավերների՝ նպաստելով ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և տնտեսության կայուն զարգացմանը։
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։