Բաքուն բոյկոտում է ԵԱՀԿ բյուջեն. դժգոհ են, որ առաքելություն է ուղարկվում միայն Հայաստան

Ադրբեջանում պահանջել են «շտկել իրավիճակը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չի դիտարկի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար` «ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի կարգով Հայաստան ուղարկելու որոշումից հետո»։ Տեղեկությունը նշված է ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության անունից տարածված հայտարարության մեջ:
Այն հետաքննող դեր չի ունենա․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում հայտարարել էին, որ հոկտեմբերի 21-27-ը փորձագետների խումբ կուղարկեն Հայաստան՝ սահմանամերձ որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, և դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:
«Ադրբեջանը չի առարկել ԵՄ քաղաքացիական առաքելությւնը Հայաստանի տարածք ուղարկելու դեմ՝ որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դուրս է Պրահայում ձեռք բերված համաձայնություններից։ ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր ակտիվն է։ Մենք հանդես կգանք ԵԱՀԿ փաստաթղթերի և որոշումների աղաղակող խախտման և անտեսման դեմ և դեմ կլինենք այդ կազմակերպության ներսում մնացած համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի: Այս միակողմանի քայլը հարցեր է առաջացնում ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են այդ նպատակների իրականացմանը, և որոնք ներկայացված են 2023 թվականի բյուջեի համատեղ առաջարկի նախագծում», - նշված է հայտարարության մեջ:
Բաքվում նշել են, որ քանի դեռ ներկայիս իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին և որոշումներին, «Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներառյալ՝ փոստի աշխատանքային գրաֆիկները և ռեսուրսների պահանջվող ծախսերը»:
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։