ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ պատգամավորները շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի և այլ պատգամավորների հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները և հայ ժողովրդի հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները։