Անընդհատ հանդուրժելով չի լինի, պետք է թշնամուն իր տեղը ցույց տաս. Վաչագան Սարգսյան

Այբբենարանի հեղինակ, մանկավարժ Վաչագան Սարգսյանը
Այբբենարանի հեղինակ, մանկավարժ Վաչագան Սարգսյանն ասում է, Հայաստանի դպրոցներում ռազմահայրենասիրական կրթությունը թերի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ատելությունը հզոր զենք է, որից պետք է ունենա նաև հայ ժողովուրդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է այբբենարանի հեղինակ, մանկավարժ Վաչագան Սարգսյանը։
«Ինչքանով որ տեղյակ եմ, մեր հարևան երկրները դաստիարակում են իրենց երեխաներին հետևյալ սկզբունքով` ատելությունը զենք է։ Ատելությունը իրոք հզոր զենք է, և նրանք օգտագործում են այդ զենքը իրենց նպատակներին հասնելու համար»,– նշում է Սարգսյանը։
Բազմաթիվ դպրոցական գրքերի հեղինակը նկատել է` հայկական դասագրքերում չկա անհանդուրժողականություն, թշնամանք որևէ երկրի կամ ազգի նկատմամբ։ Ատելության քարոզ չկա անգամ այն դեպքերում, երբ խոսքը Ցեղասպանության մասին է։
«Դա մեծահոգի ազգի, մեծահոգի մարդու վերաբերմունքն է կյանքին, բայց անընդհատ հանդուրժելով չի լինի, պետք է թշնամուն իր տեղը ցույց տաս, որ նա քո գլխին չնստի, չուզենա քեզ սպանել»,– հավելում է մանկավարժը։
Անդրադառնալով դպրոցներում ռազմահայրենասիրական կրթությանը` Վաչագան Սարգսյանը ցավով փաստում է, որ այն Հայաստանում թերի է։
«Դպրոցում կա նախնական զինվորական պատրաստվածության դասաժամ։ Բայց դա բավականաչափ ձևական բնույթ է կրում։ Որոշ մասնավոր դպրոցներ գործնական են դարձրել այս առարկան, բայց դա ցավոք համատարած չէ։ Լավ կլիներ, որ մենք դեռ դպրոցում սովորեինք ինքնապաշտպանվել»– ասում է Վաչագան Սարգսյանը։
Միայն հայրենասեր լինելով կարող ենք պետություն պահպանել ու գոյատևել այս աշխարհում։ «Սուտ բան է` այդ հանդուրժողականությունը սահման ունի, պետք է թույլ չտալ, որ այդ հանդուրժողականությունն այնքան լինի, որ նստեն քո գլխին ու ստրուկի նման բանեցնեն»։
Այն որ երեխաներն այսօր ավելի շատ հետաքրքրված են գաջեթներով, այլ ոչ թե տպագիր գրքերով, մանկավարժը նորմալ է համարում։
«Միայն թե պետք է այնպես անենք, որ համակարգիչը չտիրապետի նրանց։ Երեխաներն իրենք իրենց չեն տիրապետում և ամբողջ օրը համակարգչի առաջ են, ու դրանում մենք` մեծերս ենք մեղավոր, մենք ենք դա թույլ տալիս, իսկ դա տեխնիկայի առաջընթացի կողմնակի ազդեցությունն է»։
Ըստ նրա գիտության ու տեխնիկայի ցանկացած առաջընթաց պետք է կարողանալ օգտագործել ուսումնական նպատակով։
Մանրամասները` տեսանյութում։