Որոշ դեղերի գրանցման մեխանիզմները կպարզեցվեն, բայց վերահսկողությունը չի թուլանա. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարի խոսքով` հիվանդների պահանջարկը բավարարելու համար ընդունվում են նաև կարճաժամկետ որոշումներ, դրանցից մեկն էլ հատուկ ռեժիմով ներմուծման հնարավորությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատում է որոշ դեղերի գրանցման մեխանիզմները պարզեցնելու ու ժամկետները կրճատելու վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հանդիպել եմ դեղորայք մատակարարողների հետ, ամփոփված առաջարկություններն արդեն իսկ փոփոխությունների նախագծով շրջանառության մեջ են»,– նշեց նախարարը։
Դեղերի գրանցման մեխանիզմների պարզեցման գործընթացը նախարարությունը սկսել է, քանի որ ռուս–ուկրաինական պատերազմի պատճառով շատ ընկերություններ դուրս են գալիս տարածաշրջանից։
«Հիմա մենք պետք է հասկանանք` ինչպես ենք լրացնելու այդ բացը և ապահովելու, որ եվրոպական և ամերիկյան հայտնի դեղագործական ընկերությունների գրանցման գործընթացը պարզեցվի»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` հիվանդների պահանջարկը բավարարելու համար ընդունվում են նաև կարճաժամկետ որոշումներ, դրանցից մեկն էլ հատուկ ռեժիմով ներմուծման հնարավորությունն է։
«Վերջին տարիներին այլ փոփոխություններ էլ ենք իրականացրել։ Ֆիզիկական անձինք իրենց կարիքների համար կարող են արտերկրից դեղամիջոցներ ներկրել, ինչը նախկինում արգելված է եղել։ Ուստի ինչ-որ առումով լրացրել ենք այս բացը»,– ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը նշեց, սակայն, որ դաշտը պարզեցնելու հետ մեկտեղ հարկավոր է զգոնությունը չթուլացնել, որպեսզի քաղաքացիները օգտվեն որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղամիջոցներից։

Թե քանի անուն դեղամիջոց է առաջիկա որոշմամբ ներկրվելու հատուկ պայմաններով, նախարարը դժվարացավ պատասխանել` ասելով, որ ցանկն անընդհատ փոփոխվում է։