Մի քանի օր է՝ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի շուրջ աղմուկ է: Վերանորոգվում է թանգարանը, որի ընթացքում, բացի ներքին հարդարման աշխատանքներից, հեռացվել են նաև միջսենյակային երկու դռներ, ինչն էլ Գյումրու ավագանու որոշ անդամների ու ՖԲ օգտատերերի դժգոհությունն է առաջացրել: Պատասխանատուները, սակայն, վստահեցնում են՝ որևէ խախտում չկա:
Նշենք, որ խոսքը հենց այն նույն տան մասին է, որտեղ 1875 թվականին՝ թոնրատանը, ծնվել է Վարպետը: Հուշատուն-թանգարանի կարգավիճակը խոսում է այն մասին, որ վերանորոգման աշխատանքների փոխարեն պետք է իրականացվեն վերականգնման աշխատանքներ, նշում են ավագանու անդամներից մի քանիսը: Հարցն ավագանու նիստի ժամանակ բարձրացրել է «Զարթոնք» խմբակցության անդամ Սվետլանա Ադամյանը:
Սվետլանա Ադամյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Տարբերությունը վերանորոգման ու վերականգնման մեջ է: Տուն- թանգարաններում իրավունք չկա վերանորոգում կատարելու, պետք է լինի վերականգնում: Մենք չենք կարող կառույցը փոփոխությունների ենթարկենք, իսկ այստեղ խոսքը դռների հեռացման մասին է, որոնք հեռացվել են ոչ վերականգնման նպատակով, այլ՝ հիմնովին, ինչի իրավունքը չկա»,-Sputnik Արմենիային ներկայացնելով խնդիրը՝ նշում է Սվետլանա Ադամյանը։
Նա տեղեկացրեց, որ վերականգնում իրականացնում են հատուկ արտոնագիր ունեցող կազմակերպությունները, մինչդեռ այստեղ աշխատանքները կատարվում են սովորական շինարարական կազմակերպության կողմից: Սվետլանա Ադամյանը նաև իր դժգոհությունն է հայտնում աշխատանքի որակից:
Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զարմացած է՝ ինչու է այս աղմուկը, հիմնովին փոփոխություններ չեն արվել, իսկ դռները հանվել են ներքին հարդարման ժամանակ ու, եթե հանձնաժողովը որոշի, որ դրանք հետ պետք է տեղադրվեն՝ կտեղադրվեն: Կառույցի պատմաճարտարապետական տեսքի խեղում չկա:
Լիլիթ Թովմասյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Շինաշխատանքների ընթացքում թանգարանի շենքում որևէ բան չի փոխվում, միջամտություն պատմաճարտարապետական շենքում չի կատարվում։ Զուտ կոսմետիկ նորոգումներ են: Այստեղ օրենքի ոչ մի հակասություն չկա»,-նշում է պատասխանատուն. տարածքը վերանորոգվում է, որից հետո հուշատուն-թանգարանը շուտով կհամալրվի գրականագիտության մեջ մինչ այժմ անհայտ համարվող եզակի ցուցանմուշով:
Այն թանգարանին կտրամադրի Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, երբ ավարտին հասած կլինեն հուշատուն-թանգարանում նոր էսքպոզիցիոն պլանով մեկնարկած աշխատանքները։ Բացառիկ ցուցանմուշը Շուշիկի նամակն է Ավետիք Իսահակյանին։
Նշենք, որ նոր էքսպոզիցիոն պլանն իրականացվում է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրով՝ 2 մլն 300 հազար դրամի շրջանակում։ Շինաշխատանքների համար պահանջվող 700 հազար դրամը տրամադրվում է համայնքային բյուջեից: Կատարվում է 4 սրահի էքսպոզիցիայի փոփոխություն։
«Մեմորիկալ հատվածին որևէ կերպ ձեռք չենք տալիս։ Իսահակյանի գրական ստեղծագործությունը ներկայացնող նոր էքսպոզիցիոն պլանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ աուդիո-վիդեո նյութերով»,- մանրամասնում է պատասխանատուն։ Թանգարանում նաև վիզուալ պատ է լինելու, որը պարունակելու է Իսահակյանի կյանքի կարևորագույն թվականների ճանապարհային քարտեզը։ Յուրաքանչյուր ժամանակահատված ունենալու է առանձին ինֆորմացիոն արկղիկ, և այցելուն ինքը կորոշի՝ որտեղ և ինչքան կանգ առնի։
Հավելենք, որ հուշատուն-թանգարանում ամեն ինչ հիմնականում պահպանված է այնպես, ինչպես եղել է Իսահակյանի մանկության տարիներին։ Միջամտություն միայն 88-ի աղետից հետո է իրականացվել։
Նախատեսվում է, որ էքսպոզիցիոն պլանով և համալրված ցուցանմուշներով Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը կվերաբացվի հոկտեմբերի 30-ին՝ Վարպետի ծննդյան օրը։