Վաղը Երևանի կենտրոնական փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հայտնի է պատճառը

Երևան
Այսօր երեկոյան ևս տրանսպորտային միջոցների երթևեկությունը 2 ժամով սահմանափակվելու է կենտրոնական մի շարք փողոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ սահմանափակումն իրականացվելու է ըստ անհրաժեշտության։ Պատճառը մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։
«Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ևս Երևանի կենտրոնում երեկոյան ժամերին մի շարք փողոցներ փակ են լինելու։ Ժամը 18։00-20։00 տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Հիշեցնենք՝ այսօր Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են: