Փոքր երկրները կարո՞ղ են «փրկել» աշխարհը․ Արմեն Սարգսյանը նոր գիրք է գրել

Արմեն Սարգսյանը Հռոմում. Արխիվային լուսանկար
ՀՀ 4-րդ նախագահի հեղինակած նոր գիրքը վաճառքում կլինի հաջորդ տարվանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը գիրք է գրել, որը կոչվում է «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ»)։ Տեղեկությունը հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։
Սարգսյանի հեղինակած նոր գիրքը վաճառքում կլինի 2023 թվականի հունիսից։
Գրքում Հայաստանի նախկին նախագահը պնդում է, որ փոքր պետությունները 21-րդ դարի բարդ մարտահրավերներին կարող են դիմակայել ավելի խելացի կերպով, քան մեծ տերությունները։
«Բազում առումներով փոքրը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, եթե խելացի է ու կարգապահ: Դա հսկա կայսրություն չէ, որը դժվար լինի ղեկավարել»,- գրել է Արմեն Սարգսյանը:
Հրատարակիչ ընկերությունը՝ Hurst-ը, գրքի մասին համառոտագրում նշել է․ «Փոքր լինելը, ինչը հաճախ դիտարկվում է որպես թուլություն, կարող է ուժի վերածվել: Պետությունների համար փոքր լինելը կարող է նաև վստահության պակաս և անապահովության զգացողություն առաջացնել, սակայն, միևնույն ժամանակ, նրանց օժտել գոյատևելու բնազդով։ Մեծ պետությունները ծանրաքաշ են, իսկ փոքր պետությունները կարող են լինել ճկուն և շուտ ադապտացվող»։
Համառոտագրում նաև շեշտել են, որ Արմեն Սարգսյանը, հենվելով գիտնականի, գործարարի, դիվանագետի և պետության ղեկավարի իր փորձառության վրա, առաջարկում է փոքր պետությունների գրավիչ դիմանկարներ Աֆրիկայից մինչև Եվրոպա և Ասիա։
Գրքում նշվում է, որ այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, հնարավորություններն ու առավելությունները, գիտեն, թե ինչպես կարող են դրանք օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար, հաջողում են:
«Հայաստանի նախկին նախագահը, խոսելով այդ փոքր պետությունների՝ երբեմն անհստակ մեկնարկի մասին, այնուհետև անդրադառնում է նրանց անհավանական վերելքին, միաժամանակ, ներկայացնում այնպիսի առաջնորդների մի խմբի, որոնք ճգնաժամը հնարավորության վերածելու հմտություն ունեն: Փոքր երկրների կողմից բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, կրթության, կառավարման հիանալի օրինակներ կան՝ Սինգապուրը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, Լյուքսեմբուրգը: Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել և ամբողջ աշխարհում ճանաչված է Ռուանդան»,- ասված է հաղորդագրությունում:
Արմեն Սարգսյանին բնորոշելով որպես համաշխարհային ասպարեզում ամենահայտնի հայերից մեկը՝ հրատարակչատունը նշել է, որ նա գիրքն ավարտում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»: