Պատժամիջոցներ կկիրառենք, որպեսզի իրանական զենքի մատակարարումներ ՌԴ-ին թույլ չտանք. Պետդեպ

Պետդեպ
ԱՄՆ արտգործնախարարությունից նշել են, որ Վաշինգտոնը մտադիր է տվյալ հարցի շուրջ աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները մեծ վճռականություն ունի պատժամիջոցների կիրառման հարցում, որպեսզի թույլ չտա, որ Իրանը Ռուսաստանին իբր «վտանգավոր զենք» մատակարարի։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել էր, որ Թեհերանը կտրականապես հերքում է Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում կիրառելու համար ՌԴ–ին անօդաչուների փոխանցումը։
«Մենք վճռական ենք տրամադրված դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու հարցում, որպեսզի կանխենք Ռուսաստանին վտանգավոր զենքի փոխանցումը։ Մենք առանց վարանելու պատժամիջոցներն ու այլ համապատասխան գործիքներ կկիրառենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն այդ փոխանցումներին», – ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել էր ամերիկյան մամուլի տեղեկությունները Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում կիրառելու նպատակով ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր, որ Իրանից մարտական անօդաչուներ ձեռք բերելու թեման ամերիկյան ԶԼՄ-ներում արհեստականորեն է լցոնվում։