ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 1-ից ԵԱՏՄ տարածքից Հայաստան բերվող ծխախոտային արտադրանքների, այդ թվում` էլեկտրոնային սիգարետների համար կսահմանվեն հստակ չափաքանակներ, որոնց գերազանցման դեպքում քաղաքացիները ստիպված կլինեն ակցիզային հարկ վճարել։
Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ մինչ օրս ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների ու էլեկտրոնային գոլորշիացնող այլ սարքավորումների համար ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծելու դեպքերում առևտրային չափաքանակներ սահմանված չեն եղել, ինչը թույլ է տվել անսահմանափակ քանակով ներմուծել դրանք` առանց հարկ վճարելու։
Անսահմանափակ ներմուծումը կարգավորելու համար կառավարությունը սահմանել է ծխախոտային արտադրանքի ներկրման հետևյալ սահմանափակումները. 18 տարին լրացած անձն առանց ակցիզային հարկ վճարելու ԵԱՏՄ–ից Հայաստան կարող է ներմուծել Էլեկտրոնային սիգարետներ` մինչև 200 հատ, սիգարներ` մինչև 50 հատ, հեղուկով էլեկտրոնային սիգարետներ` մինչև 250 գրամ, էլեկտրոնային սիգարետներ կամ այլ էլեկտրական գոլորշիացնող սարքեր` 2 հատից ոչ ավելի։