Իլոն Մասկ. աշխարհի ամենահարուստ և ամենաանկանխատեսելի մարդը

Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Խիստ տարբեր են հայաստանցի և արտասահմանցի մեծահարուստների նպատակներն ու գործելաոճը։
Sputnik
Հաստատ հիշում եք, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը նախ հիմնեց իր քաղաքական կուսակցությունը, մտավ խորհրդարան, հետո էլ ակնհայտորեն ուզում էր նախագահ դառնալ։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ո′չ ձգտում է ամերիկյան Կոնգրեսի անդամ դառնալ, ո′չ էլ նախագահ ընտրվել։ Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե նա չի ցանկանում իր ազդեցությունն ունենալ պատգամավորների և նրանց օրենսդրական գործունեության վրա։ «Իհարկե, գործարարները պիտի ունենան իրենց ազդեցությունը, բայց դրա համար բոլորովին անհրաժեշտ չի մտնել խորհրդարան»,- ասում է Մասկը և հավասարապես ֆինանսավորում է թե′ դեմոկրատներին, թե′ հանրապետականներին։
Հասկանալի է նաև, որ երկու գլխավոր կուսակցությունների համար կարևոր է ոչ միայն Մասկի փողը, այլև նրա քաղաքական կողմնորոշումը, որովհետև ընտրողները հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես է քվեարկում մեծահարուստը։ Առաջներում Իլոն Մասկը քվեարկում էր դեմոկրատների օգտին, անվանելով այդ քաղաքական ուժը «բարու կուսակցություն», հիմա նրա դիրքորոշումը արմատապես փոխվել է, և «բարու կուսակցությունը», իր բնորոշմամբ, դարձել է «պառակտման և ատելության կուսակցություն»։ Ի՞նչով է պայմանավորված այս կտրուկ շրջադարձը։ Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, բայց պատճառը ուկրաինական դեպքերն են։
Իլոն Մասկը համոզված է, որ հենց դեմոկրատների վարած քաղաքականության հետևանքով չեն դադարում ռազմական գործողությունները, որոնք կարող են վերածվել միջուկային պատերազմի։ Համաձայնե′ք, շարքային ամերիկացու համար հոգեհարազատ են մեծահարուստի գաղափարները՝ դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել միջուկային աղետը։ Եվ ընտրողներից շատերը պատրաստ են քվեարկել այն կուսակցության օգտին, որին նոյեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում ձայն է տալու Իլոն Մասկը։ Իսկ նա արդեն հայտարարել է՝ քվեարկելու եմ ընդդիմության, այսինքն, հանրապետականների օգտին։
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Ավելին, Մասկը խաղաղութուն հաստատելու իր սեփական ծրագիրն է ներկայացրել։ Այն է՝ Ղրիմը մնում է Ռուսաստանին, Ուկրաինայի արևելյան մարզերում կրկին հանրաքվե է անցկացվում՝ ՄԱԿ-ի դիտորդների ներկայությամբ, իսկ Ուկրաինայի իշխանությունները պարտավորվում են ապահովել երկրի չեզոքությունը։ Նման սցենարը, բնականաբար, ամենևին դուր չի եկել Ուկրաինայի իշխանություններին, իսկ Գերմանիայում Ուկրաինայի արդեն նախկին դեսպանը վերջին խոսքերով պարզապես, մեղմ ասած, շատ հեռու է ուղարկել Իլոն Մասկին։ Մեծահարուստի արձագանքը չի ուշացել։
Իլոն Մասկը, որն ի սկզբանե աջակցում էր Ուկրաինային և Կիևին անվճար տրամադրել էր Starlink արբանյակային ինտերնետի տերմինալներ, որոնք բանակին թույլ են տալիս հաջողությամբ գործել նույնիսկ կապի բոլոր տեսակների լիակատար խափանման դեպքում, հրաժարվեց այդ տերմինալները սպասարկելուց և նորերի մատակարարումից, տրամաբանելով՝ թող Պենտագոնը տա այդ կես միլիարդ դոլարը, ես ինչո՞ւ պիտի օգնեմ այն երկրի բանակին, որի ներկայացուցիչն ինձ հրապարակավ հայհոյում է. այդ դիվանագետն ինձ շատ հեռու է ուղարկել, ես էլ կհեռանամ։
Արտասովոր մարդը, կամ «գդալներ ծռելու վարպետ» Ուրի Գելերը նոր պետություն է հիմնել
Ճիշտ է, որոշ ժամանակ անց Մասկը ակնարկեց, որ մի անկիրթ չինովնիկի պատճառով չի պատրաստվում փոխել իր հայացքներն ու համոզմունքները և կշարունակի ֆինանսավորել Starlink-ի հետ կապված ծրագիրը։ «Մի բան ես անում, անիծում են, չես անում՝ էլի են անիծում», դառնությամբ փաստեց մեծահարուստը։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի իշխանությունները հազիվ թե մոռանան Մասկի արտահայտած կարծիքն այն մասին, որ Ղրիմն արժե ճանաչել ռուսաստանյան տարածք, ինչպես դա եղել է 1783 թվականից մինչև 1954 թվականը, երբ Խրուշչովը թերակղզին փոխանցեց Ուկրաինական ԽՍՀ-ին։
Մեծահարուստի դիրքորոշումը, բնականաբար, բոլորովին դուր չի գալիս նաև Միացյալ Նահանգների ներկա իշխանություններին, որոնց անխնա քննադատում է միլիարդատերը ։ Սակայն դեմոկրատները փորձում են բացատրել՝ այս մարդը բոլորին էլ քննադատում է, ժամանակին քննադատել է հանրապետական Դոնալդ Թրամփին, քննադատել է սենատոր Բերնի Սանդերսին, որը ձգտում էր Ջո Բայդենի փոխարեն ներկայացնել Դեմոկրատական կուսակցությունը նախագահի 2020 թվականի ընտրություններում, քննադատում է արհմիություններին, քննադատել է իշխանություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, քննադատում է նրանց, ովքեր ցանկանում են սահմանափակել զենք ունենալու իրավունքը։ Էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հիմա էլ իշխող դեմոկրատներին է քննադատում։
Ինչպես վաճառվեց Ալյասկան. գործարքը խաղաղության դարաշրջան բացե՞ց Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար
Այո′, Իլոն Մասկը ոչ մեկին չի խնայում, բայց դա բնական է, որովհետև իր համոզմունքը նա վաղուց է հրապարակավ արտահայտել։ Մեջբերեմ. «Միշտ հատուկ ուշադրություն դարձրեք հենց բացասական կարծիքներին և արձագանքներին։ Սովորաբար մարդիկ դրանցից խուսափում են, քանզի գաղտնիք չէ, որ քննադատությունը տհաճ բան է։ Բայց դուք ինքներդ պիտի շահագրգիռ լինեք լսելու նույնիսկ ամենաբացասականը, որովհետև դա է առաջընթացն ապահովելու ճշմարիտ ուղին»։