ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հարցը հայ-իրանական օրակարգի կարևորագույն հարցերից է։ Հաշվի առնելով, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանն այս միջանցքի մեջ՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները համակարծիք են, որ անհրաժեշտ է այդ դերակատարությունը ձևակերպել որպես եռակողմ պլատֆորմ՝ Հայաստան-Իրան-Հնդկաստան։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Հաշվի առնելով այս հարցում Հնդկաստանի կարևոր դերը՝ մենք համակարծիք էինք, որ պետք է եռակողմ հարթակ ձևավորել, որ կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի արդյունավետ աշխատենք միջանցքի ստեղծման ուղղությամբ»,- ընդգծեց Իրանի ԱԳ նախարարը։
«Հայաստանն իսկապես հետաքրքրված է այս միջանցքով, և մենք՝ ինչպես և Իրանն ու Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ, նաև այն երկրների, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում։ Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաև Հնդկաստանի համար»,- նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2021 թվականի մայիսի 26-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, նախագծի իրականացման համար արդեն ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ։