ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ողջունեց Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը։
«Գիտեք, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղ ունեցած քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄգործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ ԵՄ առաքելության նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է։ 40 հոգանոց դիտորդական առաքելության ժամանումը սպասվում է առաջիկայում։
Փաշինյանը նշեց, որ դիտորդական առաքելության աշխատանքի ժամկետը նախատեսված է 2 ամիս, բայց կարծիքներ կան, որ այն պետք է երկարացվի կամ դարձվի մշտական։
«Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում դա մի թեմա է, որ մեր հանրության ու փորձագիտական շրջանում քննարկվում է։ Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։