Հայաստանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. Փաշինյան

Բելառուսական կողմի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 105,7 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Բելառուսն առևտրատնտեսական համագործակցության զարգացման լավ դինամիկա ունեն, և դրան մեծապես նպաստում են Եվրասիական տնտեսական միության մեխանիզմները։ Բելառուսի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Այժմ ԵԱՏՄ-ի դերը մեծանում է, քանի որ, ցավոք, աշխարհում բարդ տնտեսական ժամանակներ են։ Պետք է ասեմ, որ այն մեխանիզմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ում, տեղ-տեղ շատ են օգնում այդ իրավիճակներում։ Օրինակ ՝ Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կրկնապատկվել է։ Մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է Փաշինյանը։
Բելառուսի վարչապետը նկատել է, որ երկու երկրների միջև առևտուրը հավասարակշռված է՝ ավելանում է ինչպես Բելառուսից Հայաստան արտահանումը, այնպես էլ՝ Հայաստանից Բելառուս ներմուծումը։
Հնարավոր է՝ Բելառուսը վերելակների արտադրություն սկսի Հայաստանում
Բելառուսական կողմի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 105,7 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Բելառուսի վարչապետն այսօր ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 20–ին և 21–ին։
ԵԱՏՄ-ում երկխոսությունը կարևոր է համաշխարհային տնտեսական ներկա պայմաններում. Փաշինյան