Էրդողանը կոչ է արել «Հայաստանին անկյուն քշել» և «փոխհատուցում պահանջել Ղարաբաղի համար»

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջն առաջարկում է Հայաստանին տնտեսապես ճնշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է համարում Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար»: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ղարաբաղին հասցված վնասը պետք է հասցնել Հաագայի դատարան և փոխհատուցում պահանջել։ Այսպիսով, անհրաժեշտ է նրանց անկյուն քշել»,-ասել է Էրդողանը։
2020 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջողության է հասել նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ համաձայնագիրը։ Դրա արդյունքում տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահները։