Երբեմն անսպասելի երրորդ երկրներ աջակցում են Ադրբեջանի «ինտերպրետացիային»․ Միրզոյան

Արարատ Միրզոյան
Հայաստանի տարածքով անցնող, էքստրատերիտորիալ կարգավիճակին հատուկ կամ բնորոշ, առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք ենթակառուցվածքները կամ նոր կառուցվողները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո կամ գործեն այն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են։
Իրանի ԱԳ նախարարի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իրանցի լրագրողի հարցին՝ Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի մասին։
«Մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում, և կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ՝ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային»,-ընդգծեց Միրզոյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանի տարածքով անցնող, էքստրատերիտորիալ կարգավիճակին հատուկ կամ բնորոշ, առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող։
Միրզոյանը նաև անդրադարձավ այս գործընթացում Թուրքիայի դերակատարմանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմից երբեմն հնչում են այնպիսի արտահայտություններ, որ թույլ են տալիս մտածելու, թե էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում Թուրքիան ավելի շահարգրգիռ է, քան Ադրբեջանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա։
Լավ կլինի` Չավուշօղլուն իր անունից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսի․ Միրզոյան
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի կարգավորման վրա։