ԵԱՏՄ-ում երկխոսությունը կարևոր է համաշխարհային տնտեսական ներկա պայմաններում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի բացման ժամանակ
Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են լինել շատ հարցերի լուծման բանալին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 20 հոկտեմբերի – Sputnik. Համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա խառնաշփոթի պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում երկխոսությունը հատկապես կարևոր է։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի բացման ժամանակ։
Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Վարչապետը շեշտել է, որ համաշխարհային տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, շատ առևտրատնտեսական կապեր, որոնք նոր են սկսել վերականգնվել համավարակից հետո, նոր ցնցումների են ենթարկվում։
«Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը կարևորել է Եվրասիական միության գործադիր մարմինների ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու համար։
Նշենք, որ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: