ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Ներկայիս բարդ իրավիճակում կարևոր է ԵԱՏՄ-ի ներսում զարգացնել չորս հիմնական սկզբունքները՝ կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Նա իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալ կողմին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ժապարովը հավելեց, որ հանդիպումն անցկացվում է բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակի պայմաններում։ Նրա խոսքով՝ Եվրասիական միությունը պետք է ցույց տա իր հիմնական նպատակը՝ բարելավել քաղաքացիների կյանքի որակը և բիզնեսի աշխատանքը՝ պարզեցնելով ընթացակարգերը և վերացնելով փոխադարձ առևտրում արգելքները։ Ժապարովն ընդգծեց, որ սրա համար անհրաժեշտ պայմանները կան։
«Մնում է մեզնից կախված ամեն ինչ անել իսկապես փոխշահավետ գործընկերության զարգացման համար»,- հայտարարեց Ղրղզստանի կառավարության ղեկավարը։
Նշենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն ավելացրել է 52,5% - ով` հասցնելով 1,7 մլրդ դոլարի: Ընդ որում` Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 48,9% - ով, իսկ ներմուծումը ՝ 54,2% - ով:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի վարչապետն այսօր ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն անցկացվելու է հոկտեմբերի 20–ին և 21–ին։