Դոնբասում խափանել են գետն անցնելու ուկրաինական բանակի փորձերը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերն օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկայի համակարգերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերն օրվա ընթացքում խափանել են Դոնբասի Ժերեբեց գետն անցնելու ուկրաինական բանակի փորձերը, ոչնչացվել է ավելի քան 40 ուկրաինացի զինվորական։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կրասնո-Լիմանսկի ուղղությամբ ռուսական զորքերի կենտրոնացված կրակով խափանվել են Ժերեբեց գետն անցնելու ՈւԶՈւ-ի փորձերը Նադիա, Ստելմախովկա, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յամպոլովկա բնակավայրերի շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուսական զորքերն օրվա ընթացքում օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման և էներգետիկայի համակարգերին, բոլոր թիրախավորված օբյեկտները խոցված են:
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզում խոցել է «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ուկրաինական մարտկոցը։
Բացի այդ, ռուսական ռազմական ավիացիան օրվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական երեք շտաբ, զինամթերքի չորս պահեստ և վառելիքի պահեստարան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 238-րդ օրը։