ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ՌԴ քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը չի կարծում, թե Հայաստանը փորձում է «պոկվել» Ռուսաստանից և փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Նման կարծիք նա հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով Հայաստան եվրոպացի դիտորդների ժամանումն ու ՀՀ իշխանության`իր տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման մասին խնդրանքը։
Քաղաքագետի խոսքով` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը պետք է միայն ողջունել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայկական կողմը պետք է օբյեկտիվ գնահատի Ռուսաստանի և Արևմուտքի հնարավորությունները։ Նրա համոզմամբ` հայկական կողմը Ռուսաստանին մի կողմ քաշել չի ցանկանում, բայցի այդ Ռուսաստանն էլ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։
«Հասկանում ենք` եվրոպացիները միայն գեղեցիկ խոսքեր կասեն, իսկ Ռուսաստանը միակ պետությունն է, որը նյութական ներդրում ունի Հարավային Կովկասի անվտանգության հարցում, ու նախևառաջ` Լեռնային Ղարաբաղի բնակչության», – նշեց քաղաքագետը։
Բորդաչովը նկատեց, որ ՌԴ փորձագիտական հանրության շրջանում կոնսենսուս կա այն հարցում, որ Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը շատ կարևոր է ներկա պահին։ Միևնույն ժամանակ, նա համոզված է`վերջին երկու տարվա ընթացքում որևէ վկայություն չկա, որ այդ ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվել։
«Հայաստանը չպետք է կտրուկ քայլեր անի, այլ պետք է ամրապնդի սեփական պաշտպանունակությունը», – ասաց քաղաքագետը` հավելելով, որ սպառազինության մատակարարումն այլ երկրներից, այդ թվում` արևմտյան, խնդրահարույց գործոն չի համարում։
Քաղաքագետը համոզված է, որ Եվրոպան չի կարող հայկական կողմին մարդկային, ռազմական, նյութական ռեսուրսներ առաջարկել։ Ռուսաստանն առաջարկում է այն ռեսուրսները, որոնք այսօր ունի։
«Գուցե դրանք բավարար չեն, սակայն ՌԴ-ն ինչ–որ բան անում է։ Մյուսները դեռ միայն խոսում են», – ասաց նա։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին հայտնել էր, որ ՀՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ–ին Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստին պաշտոնապես հաստատեցին Ադրբեջանի հետ Հայաստանի սահման 40 դիտորդներ ուղարկելու հարցը։
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին ներգրավելու հնարավորությունը` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների (մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ) իրագործման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելուն աջակցելու համար։