ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա ահաբեկչություն կազմակերպելու և ծրագրելու վարկածը հետաքննության ընթացքում հաստատվել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հանցագործությանը մեղսակից են Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ «Նրանց թվում այն մարդիկ են, որոնք տարբեր ապրանքների տարանցիկ ուղի են ապահովել ՌԴ տարածք՝ պայթուցիկով բեռնատարի պետական սահմանով հետագա տեղափոխման նպատակով», - ասել է Բաստրիկինը`ավելացնելով, որ 12-ից 8–ն արդեն ձերբակալվել են:
Բացի այդ, ՌԴ ՔԿ ղեկավարը հայտնել է, որ ձերբակալվածների հետ արդեն քննչական գործողություններ են իրականացրել։
«Քրեական գործի շրջանակներում նշանակվել ու անցկացվում են տեխնիկական փորձաքննություններ՝ պայթուցիկի տեղադրման ու դրա գործողության մեջ դնելու մեխանիզմի հայտնաբերման վերաբերյալ», - ընդգծել է Բաստրիկինը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն բռնկվել էր։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել էր, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել էր, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
ԱԴԾ-ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։