Փաշինյանը հայտնել է անհետ կորածների թիվն ու Ադրբեջանի հետ համագործակցության հույս հայտնել

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան առաջին պատերազմից կան 777 անհայտ կորածներ, 217-ը՝ երկրորդ պատերազմից, և 29 անհայտ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։