ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսսին հոլդինգ է հիմնադրել, որի հիմնական նպատակը կլինեն ներդրումները սպորտի, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով ընկերության հայտարարությանը։
Ըստ հայտարարության` Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Play Time Sports-Tech HoldCo LLC-ն կդառնա Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը։ Այն կկառավարի Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը։
Ինչպես գրում է պարբերականը, Հովակիմյանը նաև Matchday.com ֆուտբոլային ձեռնարկության համահիմնադիրն է, որը Play Time-ն իր առաջին ներդրողն է համարում։
«Այն պահից, երբ ես հանդիպեցի Լեոյին և Մեսսիի ընտանիքին` 2017 թվականին, պարզ դարձավ, որ նրանք ապագայի համարձակ տեսլական ունեն»,-ասվում է Հովակիմյանի հայտարարության մեջ:
Հովակիմյանը նշել է, որ «նրանք ցանկանում են շարունակել ուղղակի և երկարաժամկետ ազդեցություն ունենալ դաշտում և դրանից դուրս»:
Հայտարարության մեջ ներդրումների գումարը չի նշվում։