Ինչպես վաճառվեց Ալյասկան. գործարքը խաղաղության դարաշրջան բացե՞ց Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար

Ալյասկա. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ «Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է»՝ Հին կտակարանի «Ժողովող» գրքի այս միտքը այժմեական է նաև այսօր։
Sputnik
Բավական է վերհիշել, թե ինչպես ուղիղ 155 տարի առաջ ամերիկյան դարձավ Ռուսաստանին պատկանող Ալյասկան։ Դեռ 1857 թվականին, երբ առաջին անգամ հնչեց Ալյասկան վաճառելու վերաբերյալ առաջարկությունը, դրա նպատակահարմարությունը շատ հակիրճ հիմնավորեց մեծն իշխան Կոնստանտին Ռոմանովը. «Ալյասկայի վաճառքը շատ հրատապ է, քանզի պիտի ոչ թե խաբենք ինքներս մեզ, այլ հասկանանք, որ Միացյալ Նահանգները հակված են մշտապես ընդլայնելու իրենց տարածքը և իշխելու ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Այդ պետությունը, միևնույն է, վաղ թե ուշ մեր ձեռքից կառնի Ալյասկան, և մենք ի զորու չենք լինի այն վերադարձնել։ Այնինչ, Ալյասկան մեզ օգուտ չի բերում, և դրա կորուստը առանձնապես ցավագին չի լինի»։
Նրա այս փաստարկների ցանկը համալրում էին որոշ պետական այրեր, որոնք պնդում էին՝ Ամերիկային Ալյասկայի վաճառքը կամրապնդի նաև երկու տերությունների միջև բարեկամական կապերը։
Համաձայնե՛ք, ինչ-որ ծանոթ բան կա այս հիմնավորումներում։ Առաջին՝ «բավարար հնարավորություններ և ռեսուրսներ չունենք հարձակման դեպքում Ալյասկան պաշտպանելու համար՝ Ամերիկայի ու Եվրասիայի միջև ցամաքային ճանապարհ չկա, իսկ մինչև մեր ռազմանավերը ծովով հասնեն ամերիկյան ափերին, ամեն ինչ արդեն ավարտված կլինի»։ Երկրորդ՝ «Ալյասկան, որտեղից մի ժամանակ ծովային ջրասամույրի թանկարժեք մորթի էինք բերում, այլևս գրեթե եկամուտ չի բերում այն պարզ պատճառով, որ մարդկային ագահության հետևանքով կենդանիներն են վերացել»։
Երրորդ՝ «մենք հիմա ինքներս ենք հսկայական գումարներ ծախսում ռուս-ամերիկյան առևտուրը գոնե մի կերպ պահպանելու համար։ Այսինքն` Ալյասկան «ուտում» է մեր բյուջեն, որն առանց այն էլ ահավոր տուժել է Ղրիմի պատերազմի պատճառով։ Ալյասկան վաճառելով` գոնե ինչ-որ չափով կլցնենք բյուջեն». հորդորում էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Միխայիլ Ռեյտերնը թագավոր Ալեքսանդր երկրորդին հասցեագրած գրությունում։
Եվ վերջապես չորրորդ՝ «այդ գործարքը մեծապես կնպաստի Ամերիկայի հետ մեր մերձեցմանը, ինչպես ասում են, խաղաղության դարաշրջան կբացվի մեր հարաբերություններում։ Մի խոսքով` ցանկացած գլխացավանք հնարավոր է վերածել շահեկան գործոնի»։
Ճիշտ է, մինչև հիմա չեն դադարում վիճաբանություններն այն հարցի շուրջ, թե Ալյասկայի վաճառքն իրականում որքանո՞վ էր շահեկան զուտ ֆինանսական իմաստով։ Սակարկությունը սկսվեց 5 միլիոն դոլարից, բայց ի վերջո հասավ 7 միլիոն 200 հազարի։ Պատճառն այն էր, որ բանակցությունը վարող Ուիլյամ Սյուարդը ոչ միայն շատ բարյացակամ վերաբերմունք ուներ Ռուսաստանի հանդեպ, այլև հասկանում էր՝ Ալյասկայի ոսկին, որն արդեն սկսել էին հայթայթել առանձին ձեռներեցներ, շատ ավելի մեծ օգուտներ է բերելու։ Որքան էլ զարմանալի թվա, այդ փաստարկը հակառակ ազդեցությունը գործեց Ռուսաստանի իշխանությունների վրա, որոնք տրամաբանում էին՝ եթե Ալյասկայում ոսկու մեծ պաշարներ հայտնաբերվեն, ամերիկացիները այլևս փող էլ չեն առաջարկի, զենքով կգրավեն Ալյասկան։
Հետաքրքիր է, որ այս գործարքին սկզբում խիստ բացասաբար վերաբերվեցին նաև որոշ ամերիկացի գործիչներ և մեկնաբաններ։ Նրանց արձագանքը մոտավորապես այսպիսին էր. դուք հո չե՞ք գժվել, ի՞նչ է՝ 7 միլիոնով սպիտակ արջերի գազանանո՞ց եք գնել նախագահ Էնդրյու Ջոնսոնի համար։ Սակայն ի վերջո Սենատը գրեթե միաձայն վավերացրեց ռուս-ամերիկյան համաձայնությունը, և 1867 թվականի հոկտեմբերի 18-ից Ալյասկան դարձավ Միացյալ Նահանգների անքակտելի մասը։
Պատկերացրեք այն մարդկանց վիճակը, որոնք եկել էին Ռուսաստանից, բայց իրենց կամքից անկախ, ինչ-որ գործարքի հետևանքով անսպասելիորեն հայտնվել էին բոլորովին այլ պետությունում։ Նրանց առաջարկեցին՝ կա՛մ վերադառնում եք Ռուսաստան, կա՛մ, եթե մնում եք Ալյասկայում, անմիջապես ամերիկյան քաղաքացիություն եք ստանում։ Ու դրանից հետո ոչ մի պարտավորություն չունեք որևէ երկրի հանդեպ՝ բացի Միացյալ Նահանգներից։ Ալյասկայում այն ժամանակ ապրում էին մոտ հազար ռուսաստանցիներ։ Նրանցից ոմանք որոշեցին մնալ, հիմնավորելով՝ սովորաբար օտարերկրացուն Ամերիկայի քաղաքացիություն է շնորհվում միայն այն բանից հետո, երբ նա որևէ նահանգում ապրել է առնվազն 5 տարի, մեզ այդ իրավունքը տալիս են հենց հիմա, ինչո՞ւ չօգտվենք։ Բայց նման մարդիկ հատուկենտ էին։
Պատմական վկայություններ կան՝ այդ օրերին Ամերիկայի ափերից հեռացող ռուսաստանյան վերջին նավերում ասեղ գցելու տեղ չկար՝ հարյուրավոր ռուսներ որոշել էին վերադառնալ հայրենիք և այնտեղ շարունակել կյանքը։ Ահա այսպես ավարտվեց ռուսական Ալյասկայի պատմությունը։ Համաձայնե՛ք, արժե ժամանակ առ ժամանակ վերհիշել այդ պատմությունը նաև մեր օրերում։
Դելիմիտացան՝ երկուսուկես ամսո՞ւմ. Տաջիկստանում և Ղրղզստանում այն 20 տարի է շարունակվել