ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հնդկակական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը և մասնավորապես՝ երկու երկրների միջև ռազմական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը։
Հնդկական ThePrint պարբերականը վերլուծել է, թե ինչ զինատեսակների մատակարարման մասին կարող են պայմանավորվածություններ լինել Հայաստանի ու Հնդկաստանի միջև։
Ըստ լրատվամիջոցի` բացի սեպտեմբերի 29-ին հայտնի դարձած հնդկական արտադրությամն Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման գործարքից, երկու երկրների ռազմական ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միջին հեռահարության Akash զենիթահրթիռային համալիրների, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային կառավարվող համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, այլ զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետների վաճառքի շուրջ։
ThePrint-ը գրում է. «Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների` Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»։
Հատկանշական է, որ հնդկական մամուլում Ադրբեջանը դիտարկվում է որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս, հիշեցվում է, որ Հայաստանի դեմ 2020թ–ին սանձազերծած պատերազմում Ադրբեջանը կիրառել է թուրքական անօդաչուներ, այժմ էլ բանակցություններ է վարում Պակիստանից «JF-17» կործանիչներ գնելու շուրջ։
Հնդկական լրատվամիջոցները նշում են, որ նախատեսվող ռազմական գնումը Հայաստանի կողմից առաջինը չէ։ 2020-ի պատերազմի օրերին, ըստ ԶԼՄ–ների, Հայաստանը Հնդկաստանից Swathi 4 ռադար է գնել։
Նշվում է նաև, որ նոր գործարքի իրականացման դեպքում այն կդառնա Հնդկաստանի համար ռազմական արտադրության ամենախոշոր արտահանումը։ Իսկ Pinaka և Akash հրթիռային համակարգերի արտահանումը դեպի Հայաստան այդ զինատեսակների համար կդառնա առաջին միջազգային վաճառքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ու Հայաստանը նախատեսում են ավելի քան 244 մլն դոլարի զենք–զինամթերքի գնման պայմանագիր կնքել։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն առայժմ չի շտապում բացահայտել Հնդկաստանի հետ գործարքի մանրամասները։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է։
Հոկտեմբերի 18-ին նա հանդիպում է ունեցել Հնդկաստանի իր պաշտոնակից Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։
Պապիկյանն այցելել է նաև Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին, զրուցել տեղական ընկերությունների ղեկավարների հետ: