ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը ռազմական տեխնիկայի ստանդարտացման համաձայնագրի նախագիծ է նախապատրաստել: Այս մասին հանձնաժողովի նիստի արդյունքներով լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանձնաժողովի 20-րդ նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։
«Համաձայնագրի նախագիծը, որը մենք համաձայնեցրել ենք սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ... բարդ փաստաթուղթ է, միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, ուստի մենք շատ ուշադիր ենք աշխատել դրա վրա։ Այսօր մեզ հաջողվեց վերջնականապես համաձայնեցնել այն, կներկայացնենք մեր պետությունների ղեկավարների քննարկմանը, նրանց հավանությանն ու ստորագրմանը»,- հայտարարել է Սեմերիկովը։
Նրա խոսքով` երբ ՀԱՊԿ երկրները վերլուծում էին սպառազինության և տեխնիկայի ստանդարտեցման, արտադրության, վերանորոգման, արդիականացման, շահագործման հետ կապված իրավիճակը, պարզվել է, որ տարբեր պետություններում ընդունված են «ընդհանուր առմամբ նույնատիպ (ստանդարտներ), բայց ստանդարտների, մոտեցումների որոշակի տարբերություններ կան»:
«Ինչ-որ տեղ դա կազմակերպված է տեխնիկական պայմանների հիման վրա, ինչ-որ տեղ` ստանդարտների հիման վրա, ուստի մենք ուսումնասիրել ենք այս իրավիճակը բոլոր պետություններում և եկել ընդհանուր հայտարարի։ Առաջնորդվելու ենք սպառազինության և տեխնիկայի հարցերում ընդհանուր մոտեցումներով ցանկացած օբյեկտի՝ ավիացիայի, զրահատանկային տեխնիկայի, կապի բոլոր ցիկլերի հարցում»,-պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։