ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից, «Ֆեյսբուքում» գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)»,–գրել է նա։
Փաստաբանի խոսքով` դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու չմերժեն նրանց միջնորդությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: ԶԼՄ-ների տվյալներով ՝ նրանք մեղադրվում են «օրենքով գողի» գործով կաշառք վերցնելու մեջ։