ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում չեն լինի չափից ավելի շատ երկքաղաքացիներ, որոնք կունենան և՛ Հայաստանի և՛ Թուրքիայի քաղաքացիություն։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով կառավարության առաջարկած այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։
«Խոսքը չի գնում այն մասին, որ ով դիմի՝ կստանա։ Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե’ ոստիկանության, թե’ Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվելու են։ Կարծում եմ, որ այդ հարցերը, այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն»,- ասաց Քերոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք կբացառվի վերոհիշյալը, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ կբացառվի, բայց հիշենք, որ Թուրքիայում էլ կան շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքեր»։
Նախարարի խոսքով, օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում. մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները խրախուսվում են նույնքան, որքան, օրինակ, մեծ ընկերությունների կողմից կատարվողները։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: