Այաթոլլա Խամենեին մեկնաբանել է Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին լուրերը

ԱՄՆ-ն ու Եվրամիությունն Իսլամական Հանրապետությանը սպառնում են պատժամիջոցներով՝ ՌԴ ԱԹՍ–ների մատակարարումների մասին լուրերի ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մեկնաբանել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի հավանական մատակարարումների հետ կապված իրավիճակը՝ համապատասխան գրառում թողնելով Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սպառնում են Իսլամական Հանրապետությանը պատժամիջոցներով՝ ՌԴ զենքի մատակարարումների մասին լուրերի ֆոնին։
«Մի քանի տարի առաջ, երբ հրապարակվեցին մեր առաջադեմ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի լուսանկարները, նրանք ասացին, որ դա ֆոտոշոփ է: Հիմա ասում են, որ իրանական անօդաչուները վտանգավոր են։ Ինչու եք դրանք վաճառում այս ու այն երկրին»- գրել է Խամենեին։
Նա հավելել է, որ այդ անօդաչուներն իրանական սխրանքների արդյունք են և պատիվ են բերում Իրանին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ցանկացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը։ Իր հերթին Եվրամիությունը Իրանին սպառնացել է պատժամիջոցներով։