ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմը մինչ այս պահը խոչընդոտում է սեպտեմբերի 13-14-ը սահմանին իրավիճակի սրման ժամանակ զոհվածների մարմինները ՀՀ օկուպացված տարածքներում որոնելու աշխատանքների իրականացմանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը»,- նշեց Թորոսյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։