Որոշ սպառնալիքներ եմ ստացել ֆեյք պրոֆիլներից. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյան
Քաղաքական գործչի խոսքով` իր վրա հարձակվել են իրենց շենքի բակում, անծանոթ անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր վրա կատարված հարձակումը պայմանավորում է բացառապես իր քաղաքական գործունեությամբ։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում` հիվանդանոցից դուրս գալիս։
«Վերջին շրջանում որևէ մեկի հետ վեճ–վիճաբանություն չեմ ունեցել, և ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է։ Վերջին շրջանում ստացել եմ որոշ սպառնալիքներ, հիմանականում` ֆեյք պրոֆիլներից, որոնց ուշադրություն չեմ դարձրել»,– ասաց Ղազարյանը։
Քաղաքական գործչի խոսքով` իր վրա հարձակվել են իրենց շենքի բակում, իրեն անծանոթ անձինք։
«Ես առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էին։ Նրանք դարանակալել էին, 2 հոգի ինձ սպասում էին։ Ակնհայտ հետևել են իմ տեղաշարժին, իմ գործողություններին։ Վերադառնալիս նույնիսկ նկատեցի իրենց, մտածելով, որ շենքի բնակիչ կամ այցելու են, բարևեցի անցա։ Միանգամից հարձակվեցին ու առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով, սկսեցին ամեն տեղից հարվածել։ Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ։ Գցեցին գետնին ու սկսեցին գլխի շրջանում հարվածել։ Հիմնականույմ գլխի շրջանում էին հարվածում ու շատ ուժեղ էին հարվածում։ Ես նույնիսկ ասացի` էս ինչ եք անում, սպանում եք ինձ»,– պատմեց Ղազարյանը։
Գնալու ենք ԱԺ պատգամավորների տներ, նրանք հանգիստ չեն ունենալու. Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը հայտնեց, որ վնասվածք է ստացել գլխի հատվածում։ Հիվանդանոցում վերքին կար են դրել, որից հետո ինքը որոշել է չմնալ հիվանդանոցում և գնալ տուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։