ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իրանի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկը ներկայացվել է Վլադիմիր Զելենսկու քննարկմանը։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին իրանական դրոնների պատճառած բազմաթիվ ավերածությունները, մահերն ու տառապանքները, որոնք պատճառվել են մեր ժողովրդին, ինչպես նաև Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման հնարավոր շարունակության մասին հաղորդագրությունները, ես նախագահի քննարկմանն եմ ներկայացնում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջարկը», - հայտարարել է Կուլեբան առցանց ճեպազրույցի ընթացքում:
Կուլեբան ավելացրել է, որ Թեհրանի հետ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման մասին խոսք կարող է լինել միայն Ռուսաստանին զենքի մատակարարումների դադարեցումից հետո:
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, որը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել էր, որ Եվրամիությունը հետաքննություն կանցկացնի՝ պարզելու, արդյո՞ք Ռուսաստանը իրանական հարվածային դրոններ է կիրառում Ուկրաինայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ռուսաստանի կողմից Իրանից մարտական անօդաչու սարքեր գնելու թեման արհեստականորեն է արտանետվել ամերիկյան ԶԼՄ-ներ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հոկտեմբերի 17-ին հերքել էր ամերիկյան ԶԼՄ-ների հայտնած տեղեկատվությունը Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար ռուսական կողմին իրանական սպառազինություն մատակարարելու մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից Իրանից դրոններ գնելու մասին, բոլոր հարցերը կարելի է ուղղել պաշտպանության նախարարությանը:
Ավելի վաղ էլ Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան հայտարարել էր Իսրայելին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու խնդրանքով դիմելու մասին: