ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան իմաստ չի տեսնում պահպանել նախկին ներկայությունն Արևմուտքի երկրներում և այլ երկրների հետ է աշխատանքներ տանում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական ծառայության անցած բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։
«Իմաստ և ցանկություն չկա պահպանել նախկին ներկայությունն արևմտյան երկրներում։ Մեր մարդիկ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք դժվար է մարդկային անվանել։ Նրանց համար մշտական խնդիրներ են ստեղծում, ֆիզիկական հարձակումների սպառնալիքներ։ Խնդիրն այն է, որ այնտեղ աշխատանք չկա տանելու, քանի որ Եվրոպան որոշել է մեզանից անջատվել ու դադարեցնել ցանկացած տնտեսական համագործակցություն։ Ոչ մեկին չես կարող ստիպել սիրել քեզ», - ասել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրները, ընդհակառակը, լրացուցիչ ուշադրության կարիք ունեն։
Նա ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր գործունեության աշխարհագրական վերակողմնորոշումն իրականացնում է ինչպես արտասահմանում, այնպես էլ կենտրոնական ապարատում ու կտեղափոխի «ծանրության կենտրոնը» այն երկրներ, որոնք պատրաստ են իրավահավասար ու փոխշահավետ հիմքի վրա համագործակցել ՌԴ-ի հետ: