ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ պատգամավորները բանավոր երդումից բացի նաև ստորագրեն երդման տեքստի տակ։
«ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան կարգավորման նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նախագծի հեղինակները` ՔՊ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արփինե Դավոյանն ու հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզված են, որ հանրությանը տրված երդման տակ նաև ստորագրություն դնելը կբարձրացնի պատգամավորի պատասխանատվությունը։
Ալխաս Ղազարյանը հիշեցրեց, որ նախկինում ԱԺ կանոնակարգով նախատեսված էր ստորագրության մեխանիզմ, բայց միայն այն պատտգամավորների համար, որոնքբացակայում էին ԱԺ առաջին նիստից ու բանավոր հանդիսավոր երդում չէին տալիս։ Նրանք հետագայում ստորագրում էին երդման տեքստի տակ` անցնելով իրենց պարտականությունների կատարմանը։
Այսօր գործող կանոնակարգով պատգամավորները միայն բանավոր երդում են տալիս, այդ թվում` առաջին նիստից բացակայողները։
Հանձնաժողովի նիստին որպես կառավարության ներկայացուցիչ մասնակցող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ կարգավորման ընդունման դեպքում պատգամավորներն իրավունք կունենանան հրաժարվելու երդման տեքստի տակ ստորագրելուց, և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվի։
«Բայց առնվազն դա կարձանագրվի, ու հասարակությունը կֆիքսի, որ պատգամավորը հրաժարվում է ստորագրել այն երդման տակ, որը նախատեսված է օրենքով»,– ասաց Մինասյանը։
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։