ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ:
Ինչպես դատական նիստում հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, նախկին նախագահը մեղադրվում է Հայաստանի հին քրեական օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին:
Այսինքն, քրեական հոդվածները, որոնցով մեղադրվում է Քոչարյանը, դադարել են գոյություն ունենալ։ Այն դեպքերում, երբ օրենքի վերացումը դրական է անդրադառնում քաղաքացու վիճակի վրա, այն հետադարձ ուժ է ստանում, այսինքն ՝ տարածվում է նախկինում հարուցված քրեական գործերի վրա։
«Այդ դեպքում պետք է կիրառել Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը, որով օրենքի վերացումը հետադարձ ուժ է ստանում։ Այսինքն՝ քրեական գործը ենթակա է փակման, իսկ քրեական հետապնդումը ՝ կարճման», – հայտարարեց Օրբելյանը։
Իսկ դատախազության կարծիքով ՝ նոր Քրեական օրենսգրքի կիրառման հիմքեր չկան, քանի որ Քոչարյանին վերագրվող հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, ուստի մեղադրանքը մնում է ուժի մեջ։
Լսելով կողմերին ՝ դատարանը որոշեց պաշտպանության միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։