Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հասցեական արձագանքը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Նա ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը: Միաժամանակ, վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները: Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Հիշեցնենք՝ այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ` հոկտեմբերի 17–ին։
Այսօր՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը: