Պայթուցիկը կարող էին ծովով հասցնել Ղրիմի կամուրջ, մանրամասները ճշտվում են. Պեսկով

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ խնդրով զբաղվում են հատուկ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էին ծովով հասցնել Օդեսայի շրջանից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ էության` տեղեկություններ կան, որ պայթուցիկը կարող էր Օդեսայից ծովով բերվել, բայց մնացած բոլոր մանրամասները, բնականաբար, մեր հատուկ ծառայությունները հիմա պարզում են, ուստի առայժմ անհնար է որևէ լրացուցիչ հայտարարություն անել»,-ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք նոր պայմաններ հայտնվել հացահատիկային գործարքը երկարացնելու համար, քանի որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության համար պայթուցիկը կարող էր բերվել հացահատիկի հետ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:53-ին, այդ ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վերջին զննության կադրերը
ԱԴԾ–ի տվյալներով` Հայաստանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը բեռն ուղեկցող փաստաթղթերը վերաձևակերպվել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, և բեռն ուղարկող է դարձել արդեն «Գու Ար Ջի գրուպ» ՍՊԸ–ն (Հայաստան, ք. Ալավերդի), իսկ ստացող` «Լիդեր» ՍՊԸ–ն (ք. Մոսկվա)։
Հանցագործության նախապատրաստմանը մասնակցելու համար քրեական գործի շրջանակում այս պահին ձերբակալված են ՌԴ 5, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։
Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում